Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է , որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Մարտի 24-ին՝ տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Աղվերանում անցկացվեց զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար «Միավորվենք` վերացնելու տուբերկուլոզը» թեմայով իրազեկման դասընթացը։ Երկօրյա միջոցառման նպատակն է՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով բարձրացնել տուբերկուլոզի մասին հանրության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև ևս մեկ անգամ բարձրաձայնել այս հիվանդության կանխարգելման և բուժման կարևորության մասին։
«Տուբերկուլզը ոչ միայն առողջապահական, այլև լրջագույն սոցիալական խնդիր է։ Մեր երկրում այս հիվադության դեմ պայքարը 2007 թվականից շարունակվում է ազգային ծրագրի շրջանակում»,-դասընթացի մասնակիցներին ողջունելով՝ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Նա փաստեց, որ կատարված կանխարգելիչ աշխատանքների շնորհիվ մեր երկրում հաջողվել է շուրջ երեք անգամ նվազեցնել մահացության և երկու անգամ հիվադացության ցուցանիշները։
Մեծապես կարևորելով լրատվական միջոցների դերը տուբերկուլոզի կառավարման գործընթացում՝ նախարարը կոչ արեց այս և շատ այլ հիվանդությունների դեմ պայքարել միասնական ուժերով, ներգրավելով ինչպես հասարակական կառույցների, այնպես էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։
«Այս ձևաչափով հանդիպումն ավանդական է դարձել, այն հնարավորություն է ընձեռում միասին քննարկելու տուբերկուլոզի դեմ պայքարին նվիրված տաբեր հարցեր։ Տուբերկուլոզը բազմաշերտ խնդիր է, և նման քննարկուները շատ կարևոր են մեզ համար»,- ասաց ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Հայրապետյանը։
Դասընթացի ընթացքում հանգամանալից քննարկվեցին թեմայի շուրջ լրագրողների կողմից բարձացված հարցերը։ Անդրադարձ կատարվեց Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների ներդրմանը, բուժման գործընթացքում արձանագրված հաջողություններին, տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակին, տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ծրագրի ռազմավարությանը։
Եվս մեկ անգամ ընդգծվեց,որ տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը Հայաստանում անվճար է։
Արմեն Հայրապետյանը խոսեց նաև «Տուբերկոլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի» շրջանակում` «Գլոբալ» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ, 2015թ․ հուլիսից ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներդրված տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության նոր, փորձարարական ծրագրի մասին։
Շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան մեր երկրում տուբերկուլոզի դեմ պաքարին ուղղված աշխատանքներին, 2007-2015 թվականների ազգային ծրագրի արդյունքներին, ձեռքբերումներին ու խնդիրներին։
«Գլոբալ» հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը հանգամանալից ներկայացրեց տեղական և միջազգային կազմակերպությունների դերը տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման գործընթացում, ֆինանսավորումը, խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքը։
Նա ընդգծեց, որ ինչպես տուբերկուլոզի, այնպես էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում հիմնադրամը տարբեր երկրներում ակտիվ համագործակցում է կառավարությունների, մասնավոր սեկտորի և հատկապես հասարակական կազմակերպությունների հետ:
«Միավորվենք` վերացնելու տուբերկուլոզը» ոչ միայն այս դասընթացի խորագիրն է, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այս տարվա համար հաստատված կարգախոսը։